ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման հերթական դրսևորում

Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման հերթական դրսևորում
14.11.2025 | 11:42

Նոյեմբերի 13-ի առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։

Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, այլև ամբողջ ընդդիմադիր հանրության նկատմամբ։

Պատմությունը, սակայն, սկսվել է շատ պարզ մի փաստից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինը հրապարակային կերպով դիմել է բացարձակ անպատշաճ և խուլիգանական բառապաշարի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանելով «շան լակոտ»։

Նրանց պատասխանը, ինչպիսին էլ եղել է, տրամաբանական էր նույն տոնով։

Սակայն այսօր մենք ականատես ենք մեկ վտանգավոր իրողության․

● իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիակատար անպատժելիություն,

● իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։

Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի։

Չափազանց դժվար է չկապել այս գործողությունները Antifake-ի և «Իմնեմնիմի» լրագրողական թիմերի՝ վերջին տարիներին ձևավորված ազդեցիկ քննադատական գործունեության հետ։

Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով՝ ընտրություններից առաջ վերահսկելով տեղեկատվական դաշտը և կանխելով ոչ ցանկալի քննադատությունը։

Իշխանությունը փորձում է վախի, ճնշման և իրավապահների ցուցադրական ներգրավման միջոցով սահմանափակել ընդդիմադիր մեդիան և հասարակության քննադատական միտքը։

Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշներին է մեղադրում խուլիգանության մեջ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 7151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ